ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Էդուարդ Նալբանդյանը՝ միջազգային հարաբերություններում

Էդուարդ Նալբանդյանը՝ միջազգային հարաբերություններում
07.04.2015 | 15:17

Այսօր Մոսկվայում սկսվում է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի պաշտոնական այցը ՌԴ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով: Այցից առաջ Էդուարդ Նալբանդյանը 6-էջանոց հարցազրույց է տվել «Միջազգային հարաբերություններ» հանդեսին՝ պատասխանելով 11 հարցի: Իսկապես, մի կողմից` լրագրողական, մյուս կողմից` դիվանագիտական անուրանալի տաղանդ է պետք ունենալ՝ այդ ծավալի մեջ հայ-ռուսական հարաբերությունների որևէ իրական հարցի չանդրադառնալու ու որևէ օրակարգային հարց չքննարկելու համար: Ապշեցուցիչ տաղանդ: Դասական հարցազրույց, գրավոր հարց ու պատասխան, երբ կողմերը միմանց հետ չեն շփվում, միմյանց երես չեն տեսնում, ստանդարտ հարցերին ստանդարտ պատասխաններ են կցում, որոնք վաղուց գրված-դրված են ինչ-որ փաստաթղթերում և մնում է ընդամենը բազմաչարչար copy-paste-ն անելը: Այդ դեպքում՝ ո՞ւմ են պետք, ո՞ւմ են ուղղված նման հարցազրույցները: Եթե ռուսական կողմն ունի ինչ-որ խնդիր, արարողակարգային պահանջ է՝ այցից առաջ որևէ հրապարակում ունենալը, հայկական կողմը չունի՞ խնդիր՝ հնարավորությունը իր նպատակների համար օգտագործելու: Բացահայտորեն՝ ոչ: Այս հարցազրույցն այնքան է կտրված քաղաքական իրականությունից ու քաղաքական զարգացումներից, որ կարող էր արվել մեկ տարի առաջ կամ մեկ տարի հետո՝ ոչինչ չէր փոխվի, եթե նույնն էր լինելու հարցերի ու պատասխանների տրամաբանությունը: Իսկ իրականության տրամաբանությունը հուշում էր անդրադառնալ հայաստանյան, ռուսաստանյան, տարածաշրջանային նոր իրողություններին, հայ-ռուսական օրակարգի կուտակվող հարցերին: Օրինակ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության կայացման ու հունիսին ստորագրվելիք համաձայնագրի ներգործությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա, տարածաշրջանի ու համաշխարհային իրադարձությունների զարգացումներին՝ ի՞նչ վտանգներ ու ի՞նչ հեռանկարներ կան: Ի՞նչ դիրքորոշումներ ունեն Հայաստանն ու Ռուսաստանը Իրանի առանց պատժամիջոցների վերադարձին քաղաքական ու տնտեսական ասպարեզ: Հայ-իրանական հարաբերությունների զարգացման վրա ռուսական ազդեցությանը: Օրինակ՝ ռուս-չինական և հայ-չինական համագործակցության զուգահեռներին: Օրինակ՝ ռուս-թուրքական և հայ-թուրքական հարաբերություններին և Ռուսաստանի դերին այդ հարաբերություններում: Օրինակ՝ ռուս-ադրբեջանական ու հայ-ադրբեջանական հարաբերություններին և Ռուսաստանի դերին: Ռուսական զենքի վաճառքին Ադրբեջանին ու հետևանքներին ռուս-հայկական հարաբերություններում: Օրինակ՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառող Վալերի Պերմյակովի կատարած սպանությանը և հետաքննությանը վերաբերող հարցերին: Չտրված հարցերի ու պատասխանների ևս տասնյակ օրինակներ կան: Բայց հենց այդ չտրվելը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերություններն այս փուլում պատրաստ չեն ոչ այդ հարցերը բարձրաձայնելուն, ոչ պատասխանները ունկնդրելուն: Դեկլարատիվ-դեկորատիվ հարաբերությունները շատ հեռու են իրական կյանքին համարժեքությունից: ՈՒրեմն՝ ի՞նչ նպատակ ունի ՀՀ արտգործնախարարի այցը Մոսկվա: Բացատրություններ տալ եվրոպական ու չինական շաբաթների՞ համար: Կանխարգելել իրանակա՞ն շաբաթի հնարավորությունը: Բացառել արևմտյա՞ն վեկտորի զարգացումը: Հավաստել հայ-ռուսական դարավո՞րը, բայց ոչ ներկա՞ն՝ հարաբերությունների տեսքով:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀ արտգործնախարարը Մոսկվայում կունենա նախատեսված հանդիպումները և կատարած պարտքի գիտակցությամբ կվերադառնա Երևան: Վլադիմիր Պուտինի ապրիլի 24-ի այցը Երևան և Սերժ Սարգսյանի մայիսի 9-ի այցը Մոսկվա և իրական քաղաքական օրակարգի մի քանի տասնյակ հարցերը կքննարկվե՞ն, թե՞ կտրվեն հանձնարարականներ ի կատարումն, երբևէ չի հրապարակվի: Դիվանագիտությունը ամենագաղտնագրված գործունեությունն է, բայց կասվեն, թե չեն ասվի, ինչ կասվի ու ինչ չի ասվի, շատ պարզ երևալու է հետագա քայլերում: Չի բացառվում նաև, որ այդ ամենը կա Էդուարդ Նալբանդյանի ծավալուն հարցազրույցում «Միջազգային հարաբերություններ» հանդեսի հետ, բայց հասու է միայն դիվանագետներին: Նրանք կարդում են ոչ թե գրվածը, այլ՝ չգրվածը և հասկանում են ասվածի բուն ու չասվածի բուն իմաստը: Իսկ միջին վիճակագրական հանրությանը մնում է ընտրել՝ չկարդա՞լ, թե՞ կարդալ ու մոռանալ:

Դիտվել է՝ 805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ